«Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, իր ելույթում մասնավորապես նշեց. «Մեզ մոտ բոլորը կոմսոմոլներ են, ոչ մի հրաժարական, ոչ մի սկզբունք: Կոմսոմոլներն այսօր ուզում են դեմոկրատիա կառուցել: Եվ դա նրանից է, որ Հայաստանում տեղի չունեցավ էլիտայի ռոտացիա՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի: ՈՒկրաինայում չորս նախագահները, որոնք թշնամաբար էին տրամադրված, հանդիպեցին միմյանց հետ: Հիմա Հայաստանում ճակատագրական պահ է: Դուք պատկերացնու՞մ եք, որ մեր երեք նախագահները հանդիպեն»: Ստեփան Գրիգորյանը ողջունեց ՈՒկրաինայի հասարակության պայքարը՝ հանուն ժողովրդավարական արժեքների:
irates.am-ը Ստեփան Գրիգորյանին հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկում է ԱԺ-ում սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում որքանո՞վ է իրատեսական այդ առաջարկը:
«ԱԺ-ում կա երեք քաղաքական ուժ, որոնք իրենց հայտարարել են ընդդիմադիր: Իրենց հարցրեք այդ մասին: Ես փորձագետ եմ և կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԱԺ պատգամավորներին: Մեզ համար դեռ պարզ չէ, թե ինչ է նշանակում իշխանափոխություն, ինչ պետք է անել, ինչի կհանգեցնի դա՝ դժվար է ասելը, քանի որ ընդդիմադիր ուժերը ակտիվ չեն: Իմ կարծիքով՝ նորմալ, ակտուալ միտք է ԱԺ-ում, կապված Մաքսային միությանը միանալուն տրված համաձայնության հետ, ինչ-որ մեկի հրաժարականը քննարկելը: Ճիշտ է այդ մասին հարցնել ԱԺ-ում այն մարդկանց կարծիքը, որոնք ընդդիմադիր են: Մեկ առ մեկ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ